Իսմայիլովի անվտանգության աշխատակիցը Աբրահամ Ռուսոյի մահափորձի գործում անմեղ է ճանաչվել

Դրա հետ մեկտեղ, Էլդուկաևը մեղավոր է ճանաչվել գործարարներ Գուրշումով եղբայրների սպանության փորձին օժանդակելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի կայազորային ռազմական դատարանի ատենակալների դատարանը Թարխան Էլդուկաևին անմեղ է ճանաչել 2006 թվականին երգիչ Աբրահամ Ռուսոյի սպանության փորձի գործում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Դրա հետ մեկտեղ, Էլդուկաևը մեղավոր է ճանաչվել գործարարներ Գուրշումով եղբայրների սպանության փորձին օժանդակելու մեջ։
Դատարանը նրա գործողությունները որակել է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 105-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու մարդու սպանության փորձին վարձու օժանդակությունը)։
Փաստաբան Ռուսլան Զակալյուժնին ասել է, որ ատենակալների որոշումը տարակուսելի է, քանի որ դատավարության ընթացքում իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի որևէ իրական ապացույց չի ներկայացվել։ Ըստ պաշտպանի՝ Էլդուկաևը դարձել է «գործարար Թելման Իսմայիլովին դեմոնիզացնելու գործիք», որին նա ճանաչում էր 1990-ականներին։
Դատական ​​​​լսումների ընթացքում մեղադրողը խնդրել է Էլդուկաևին մեղավոր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ պաշտպանությունը պնդել է, որ նա ամբողջովին անմեղ է:
Ծագումով հայ, 2000-ականներին հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն 2006 թվականի օգոստոսին Մոսկվայում ենթարկվեց զինված հարձակման. նրա մեքենային մի քանի փամփուշտ էր արձակվել: Արտիստը ծանր վիրավորվել էր, հետագայում լքեց Ռուսաստանը: Հետաքննությունը մահափորձը համարեց Չերկիզովյան շուկայի սեփականատեր, գործարար Թելման Իսմայիլովի շուրջ ծագած հակամարտության բաղկացուցիչ մաս:
Էլդուկաևը ներգրավված էր Ռուսոյի վրա հարձակման և Գուրշումով եղբայրների վրա կատարված մահափորձի հետ կապված հետաքննությանը: Սպանությունների կազմակերպման համար Իսմայիլովն ինքը 2021 թվականին հեռակա դատապարտվեց խիստ ռեժիմի ուղղիչ գաղութի 17 տարվա ազատազրկման: