ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը։ Նման կարծիք է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ilur.am–ում իր գրած հոդվածում։
Առաջին նախագահը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով և, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս, ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով` հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով եւ այլն։
«Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 1990-ական թվականներին Սումգայիթի, Կիրովաբադի և, մանավանդ, Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների պարագայում։ Մեր իշխանությունն այդ հարցը լուծեց հետևյալ կերպ. ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչություն», որը գլխավորում էր կառավարման մեծ փորձառություն ունեցող և հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող Վլադիմիր Մովսիսյանը, որը կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները, արժանանալով վերջիններիս անկեղծ գնահատանքին եւ երախտագիտությանը»,–իր հոդվածում գրել է Տեր–Պետրոսյանը։
Նրա խոսքով` 2023 թվականին նման մի կառույց ստեղծելու առաջարկով Փաշինյանին դիմել է Սամվել Բաբայանը, սակայն մերժում էր ստացել նրանից։
«Մերժելով նման մի աշխատունակ կառույց ստեղծելու գաղափարը, Փաշինյանը և նրա թիմակիցները իրենց քայլերի անարդյունավետությունը ստիպված են քողարկել ագրեսիվ հռետորաբանությամբ, փոխանակ այդ հրատապ խնդիրների լուծումը պատվիրակելու արհեստավարժ պաշտոնյաներով համալրված մի հատուկ մարմնի, որի բացառիկ պատասխանատվությունը կլիներ համակարգված գործունեությունը և արցախահայերի արդարացի պահանջների բավարարումը։ Դրանով նա, ըստ էության, ոչ թե հանգստացնում է արցախահայերին, այլ, ընդհակառակը, նրանց ավելի է մղում շարունակելու և թեժացնելու բողոքի ցույցերը, ակամա խորացնելով ապակայունությունը»,–կարծիք է հայտնել նա։
Տեր–Պետրոսյանը հիշեցրել է, որ սա Փաշինյանի միակ ձախորդությունը չէ։ Նրա խոսքով` նման մի աններելի և վտանգավոր արկածախնդրություն նա դրսեւորեց նաև Հայոց եկեղեցու նկատմամբ, ինչը սակայն վիժեցվեց համաժողովրդական խիստ հակազդեցության շնորհիվ։ Արդյունքում նա ստիպված եղավ, գոնե միառժամանակ, դադարեցնել եկեղեցու դեմ ծավալած իր պառակտիչ արշավը։
«Փաշինյանի հաջորդ սադրիչ քայլը եղավ ՀԷՑ-ի ազգայնացման հակասահմանադրական ձեռնարկումը և Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող անօրինական պատժիչ գործողությունը, ինչը ևս մեր երկրին խիստ անհրաժեշտ կայունության հաստատումը խաթարող գործոններից մեկն է»,–թվարկել է Լևոն Տեր–Պետրոսյանը։
Հիշեցնենք` հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Ւսկ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։