Հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի բնակարաններից մեկում․ տարեց կին է մահացել

Հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք է դեպքի վայրի մեկնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 10։55-ի սահմաններում։ Ըստ ահազանգի՝ հրդեհը բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում է։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին»,- հայտնում է փրկարար ծառայությունը։
Ըստ ՆԳՆ–ի` հրդեհի հետևանքով մեկ անձ է տուժել։
Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված բնակարանից ծայրահեղ ծանր վիճակում
դուրս են բերել մի կնոջ, որը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Մահացածը նշված տան բնակիչ 86-ամյա Ժորժետա Բ.-ն է. նա այրվածքներ չի ունեցել, մահացել է ծխահարվելու հետևանքով։
Նշենք, որ հրդեհը տեսանկարահանել է նաև Sputnik Արմենիայի թղթակիցը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ծուխ դուրս գալիս բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի բնակարանի բաց պատշգամբից։ Հրշեջները բարձրանում են սանդուղքով և ներս մտնում պատշգամբից։