ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Այդպիսի որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
«Ամենազարմանալին այն է, որ առաջադրված մեղադրանքներից դատարանը միայն գտել է, որ հիմնավոր կասկածն առկա է առաջին` կոչի վերաբերյալ մեղադրանքում, իսկ մյուս մեղադրանքները, որոնք առաջադրվել էին պարոն Կարապետյանին, արձանագրել է, որ դրանցում բացակայում է հիմնավոր կասկածը։ Կալանքի հիմք արձանագրվել է փախուստն ու գործին խոչընդոտելը։ Դատարանը բացառել է նոր արարք կատարելու հիմքը»,–լուսադեմին լրագրողներին ասաց Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։
Նա ասաց, որ հենց վաղը դիմելու են Վերաքննիչ քրեական դատարան, հատուկ բողոք են ներկայացնելու և շարունակելու են պայքարը։
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։