Պուտինը ժամանեց Ալյասկա, որտեղ նրան դիմավորեց Թրամփը. նախագահները նստեցին նույն մեքենան

Պատմական հանդիպումը կկայանա Էլմենդորֆ–Ռիչարդսոն ռազմակայանում։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալյասկայում, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Առաջնորդները հանդիպել են Անքորիջի օդանավակայանում, թռիչքուղու վրա նրանք կարճ զրույց են ունեցել և միմյանց ձեռք սեղմել: Դրանից հետո Պուտինն ու Թրամփը նստել են ԱՄՆ նախագահի մեքենան և մեկնել բանակցությունների անցկացման վայր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ–Ռիչարդսոն ռազմակայանում։ Սկզբում նեղ կազմով զրույց կկայանա, ապա բանակցությունները կշարունակվեն երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ:
Ռուսական պատվիրակության կազմում կլինեն Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:
Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները կանցկացվեն «երեքը երեքի դիմաց» ձևաչափով
Կրեմլում հայտնել են, որ Պուտինի և Թրամփի հանդիպման կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը: Անդրադարձ կլինի նաև խաղաղության և անվտանգության ապահովման առավել լայն խնդիրներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ և ամենասուր խնդիրներին: Ակնկալվում է, որ առաջնորդները մտքեր կփոխանակեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Մոսկվան կարծում է, որ այն հսկայական և մինչև հիմա չօգտագործված ներուժ ունի։