ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ իր ելույթից հետո արագ լքեց նիստերի դահլիճը։
Նա ներողություն խնդրեց իր այդ քայլի համար և հայտարարեց, որ ստիպված է արագ վերադառնալ Մոսկվա։
«Գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի է ունենալու ռուս–ամերիկյան գագաթնաժողովը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Ես պետք է Ռուսաստանում լինեմ, սակայն ԵԱՏՄ այս նիստին ռուսական պատվիրակությունը կշարունակի իր աշխատանքները»,– հայտարարեց Միշուստինը։
Օգոստոսի 14–15–ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն այսօր Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին): Նախագահները սկզբում առանձնազրույց կունենան (ներկա կլինեն միայն թարգմանիչները), ապա աշխատանքային նախաճաշին նրանց կմիանան պատվիրակությունների մյուս անդամները: