ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։ Այս որոշման պարտադիրությունը հաստատել է նաև Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը` Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վարչապետի աշխատակազմ մի շարք հարցումներ է ուղարկել Ստոկհոլմյան հրատապ արբիտրաժի որոշումը կատարման հետ կապված։
«Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ»,– ասացին գրասենյակից։
Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Կառույցից ասացին, որ դեռևս չեն մեկնաբանում, նորություն լինելու դեպքում կտեղեկացնեն։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։