Պուտինն ու Թրամփը քննարկելու են ամենաբարդ հարցերը. Պեսկով

Ալյասկայում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացվեցին սեղմ ժամկետներում. ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար անհրաժեշտ ամեն բան արվել է, բոլոր պարամետրերը պահպանվել են։ Այ սմասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը և նախագահ Թրամփը պատրաստ են խոսել, և նրանք քննարկելու են ամենաբարդ հարցերը», – ասել է նա լրագրողներին։
Պեսկովը նշել է, որ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ռուսաստանյան այցն արդյունավետ էր, ինչը թույլ տվեց սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
ՌԴ–ԱՄՆ գագաթնաժողովում կքննարկվեն ուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ սխալ կլինի առաջ ընկնել և կանխատեսել ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, կողմերը կուրվագծեն այն համաձայնությունների և փոխըմբռնումների շրջանակը, որոնց կկարողանան հասնել։
Նա հավելել է, որ այժմ խոսքը բարձր մակարդակով ռուս-ամերիկյան հանդիպման մասին է, Ուկրաինայի դիրքորոշմանը վերաբերող հարցերը կապված են հետագա փուլերի հետ։
Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպման արդյունքներով որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին):
Նախագահները սկզբում առանձնազրույց կունենան (ներկա կլինեն միայն թարգմանիչները), ապա աշխատանքային նախաճաշին նրանց կմիանան պատվիրակությունների մյուս անդամները: