Իրան–ՀՀ բարձրավոլտ գծի համար ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի ծրագրից 1 մլրդ 35 մլն դրամ կկրճատվի

Նախագծի համաձայն` ծրագրի ավարտից հետո ՀՀ–Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը փոփոխություն է նախատեսում 2025 թվականի պետական բյուջեում` «Իրան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գիծ և ենթակայան» ծրագրի ավարտի համար ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով։
Ըստ նախագծի` ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 106 մլն 800 հազար եվրո, որի 85%-ը տրամադրվում է Իրանի արտահանման զարգացման բանկի վարկի միջոցով, իսկ 15%-ը՝ կապալառուի փոխառությամբ։
Ծրագիրը մեկնարկել է 2006 թվականին։ 2023-ին «Նորավան» ենթակայանում արձանագրվել է պղնձե փաթույթների գողություն երկու հզոր տրանսֆորմատորներից (200 ՄՎԱ), ինչի հետևանքով դրանք դարձել են անօգտագործելի։ Կապալառու «Սանիր» ընկերությունը բավարար միջոցներ չի ունեցել նոր տրանսֆորմատորներ ձեռք բերելու համար։
Ո՞րն է ՀԷՑ–ի ու ԲԷՑ–ի տարբերությունը. համառոտ ակնարկ
2024 թվականի նոյեմբերին կառավարությունը որոշել է երկու տարում` 2024 և 25 թվականներին տրամադրել 2 մլրդ 7 մլն դրամ բյուջետային վարկ։ 2024-ի գումարն արդեն փոխանցվել է, իսկ 2025-ի հատկացումը պահանջում է բյուջեի փոփոխություն։
Կառավարությունը նախագծում նշել է, որ ներկայում ընթանում են շինարարական մի շարք աշխատանքներ. «Նորավանում»` մալուխային խրամուղիների բետոնացում, շենքերի երեսպատում, ջրահեռացման համակարգի տեղադրում։ Նոր տրանսֆորմատորների արտադրությունն ու փորձարկումները շարունակվում են։ Առաջինը փորձարկվել է 2025 թվականի հունիսի վերջին, երկրորդը նախատեսվում է փորձարկել հուլիսի կեսերին։ Երկուսն էլ տարածքում կլինեն 2025 թվականի հոկտեմբերին։
Բյուջեի փոփոխությամբ` անհրաժեշտ գումարը հատկացվելու է էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման այլ ծրագրից՝ «Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» միջոցառումից։ 2025 թվականի 9 ամսի համար նախատեսված գումարից կկրճատվի 828 մլն դրամ, տարվա համար՝ 1 մլրդ 35 մլն դրամ, որը վերաբաշխվելու է 2026–2028 թվականներին։
ՀՖՖ-ի դիմումով տրանսֆորմատորներից մեկն անջատվել էր․ ՀԷՑ-ը՝ հայտնի հոսանքազրկումների մասին
Ըստ հիմնավորման` ծրագրի ավարտից հետո ՀՀ–Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ։ Կբարձրանա էներգետիկ համակարգի անվտանգությունը, հուսալիությունը և կայունությունը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել գազատարի թողունակությունը «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Նախատեսվում է, որ դա կնպաստի էլեկտրաէներգիայի սակագնի հետագա աճի մեղմմանը վերջնական սպառողի համար։