ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Տաշիր Արենա» կրկեսի բացումը տեղի կունենա ՀՀ Անկախության տոնին ընդառաջ կամ դրանից մի քանի օր հետո։ Այս մասին դատարանի բակում, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության դատական նիստը, լրագրողներին ասաց «Տաշիր Կապիտալի» գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ իրենք կրկեսի բացումը նախատեսել էին մինչև պետության կողմից այն պետականացնելու գործընթացը սկսելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան՝ պահանջելով «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից բռնագանձման միջոցով առգրավել կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքը՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 7-ին։
Կարապետյանի խոսքով՝ իրենք կրկեսի վրա վեց անգամ ավելի շատ ներդրում են կատարել. 500 հազարի փոխարեն ներդրվել է 30 միլիոն։ Նա պարզաբանեց, թե ինչու է կրկեսը չի բացվել նախնական ասված ժամկետում։
«Յուրաքանչյուր նախագիծ, որն իրականացնում ես, պետք է այնպես իրականացնես, որ ինքն իր ծախսերը փակի։ Մեր ունեցած այսօրվա մոդելին հավատում ենք։ Մենք վարձել ենք «Cirque du Soleil»-ի մասնագիտական խմբին, որը գրել է առաջին ներկայացման ամբողջ սցենարը։ Ինձ թվում է՝ այն նաև զբոսաշրջային հետաքրքրություն կառաջացնի»,– նշեց Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Երևան են ժամանել 150 արտիստներ, որոնք աշնանը կբացեն «Տաշիր Արենայի» առաջին խաղաշրջանը։
«Երևանի կրկեսի» շինարարությունը սկսվել է 2011 թվականի մարտին։ Նոր շենքն ունի 8 հարկ, իսկ դահլիճն ունի ավելի քան 2.3 հազար նստատեղ։