Բոլոր ատյաններին կդիմենք, որ մոնտաժված ձայնագրության հեղինակները պատժվեն. Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը հրապարակավ հարցեր է ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներին՝ շեշտելով, որ իր մեղադրանքի հիմքում դրված ձայանգրությունները մոնտաժված են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանի փաստաբանը ներկայացրել է աղմկահարույց ձայնագրության չմոնտաժված տարբերակը։
«Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար»,– ասել է նա։
Ձայնագրությունների մոնտաժված լինելու փաստն ապացուցելու համատեքստում Բագրատ սրբազանը հրապարակավ հարցեր է ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է։ Պատրա՞ստ եք առնվազն ներողություն խնդրելու և ապաշխարելու՝ հրապարակային կամ անձնապես Ձեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի, ես կասեի՝ քաղաքականացված և հրամայված վարքագծի համար, որ դրսևորել եք թե՛ խորհրդարանում, թե՛ Հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով»,– հարցրել է նա։
Սրբազանը նամակն ավարտել է «Հաղթանակն այլընտրանքի չունի» խոսքով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և տեղափոխվեց ԱԱԾ–ի շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։