Այն, ինչ չէր կարելի Սամվել Կարապետյանի ՀԷՑ–ին, կարելի է այսօրվա կառավարչին. Ղազինյան

Դավիթ Ղազինյանը ՀԷՑ–ի նոր կառավարչի գործողությունները «շոու» որակեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այն, ինչ չէր կարելի Սամվել Կարապետյանի ՀԷՑ–ին, կարելի է այսօրվա կառավարչին հենց ՀԾԿՀ–ի թույլտվությամբ։ Այս մասին այսօր դատարանի բակում News.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ–ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը։
Անդրադառնալով ՀԷՑ–ի հայտարարծ նոր տենդերներին նա ասաց, որ ամեն ինչ շոուի համար է արվում։
«Հայտարարությունները, թե էսքան փող հետ բերեցին, էն արեցի, չկա էտենց բան։ Տենդերներ են հայտարարում, առանց կոնկրետ պարազաբանման, թե ինչի մասին է խոսքը։ Գրում են, թե 50-60 հոգի դիմել են էտ տենդերի համար, այնինչ նախկինում 2-3 հոգի են եղել... Այ սենց շոուներ են կազմակերպում»,– ասաց նա։
Դավիթ Ղազինյանը բացատրեց` ՀԷՑ–ի ներկայացրած այս թվերն աբսուրդային են, քանի որ պատվիրված ապրանքի ծավալներն այնքան մեծ են, որ դրա համար չէր կարող 50 տնտեսվարող դիմել։
«Երեք միլիարդի տենդեր են չեղյալ հայտարարել, նոր տենդերներ են հայտարարել, ինչ–որ բաներ են ման գալիս։ Բայց այդ երեք միլիարդի մեջ մտնում են բազմաթիվ ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են»,– հավելեց նա։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի աշխատակիցնների մասսայական ազատմանը` Ղազինյան ասաց, որ միայն 15-20 հոգի են ազատվել անվստահության համար, մնացած ազատման դիմումները եղել են նրանց հետ չաշխատելու ցանկության պատճառով։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։