Վաշինգտոնում ստորագրվածը նույնիսկ կապիտուլյացիոն ակտ չէ․ ՀԱԿ փոխնախագահ

Ստորագրումից 5 օր անց դեռ հրապարակված չեն այն փաստաթղթերը, որոնք պետք է բացահայտեին, թե ինչ կարգով ու պայմաններով է գործելու «Թրամփի ուղին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Վաշինգտոնում ՀՀ իշխանությունները ոչ թե խաղաղության պայմանագիր են ստորագրել, այլ համաձայնություն Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակած պատրաստակամությանը` նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա վստահ է՝ սա դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից, որովհետև Ադրբեջանը, միևնույն է, հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շարունակում է օկուպացնել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, պահել հայ պատանդներին, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը և արցախահայերի վերադարձի բոլոր հնարավորությունները, պետական մակարդակով ծավալապաշտական հայատյաց քարոզչություն իրականացնել և հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին:
Զուրաբյանը շեշտում է՝ Հայաստանի դեմ ոտնձգություններից հրաժարվելու որևէ պարտավորություն այս գործընթացում Ադրբեջանն իր վրա չի վերցնում:
«Փաստորեն գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ չի երևում»,- գրել է Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի համար նաև անհասկանալի է, թե ինչու 5 օր անց դեռ հրապարակված չեն Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված երեք հուշագրերը, որոնք պետք է ներկայացնեին Թրամփի «միջանցքի» ստեղծման պայմաններն ու կարգավորումները։
«Այն վիճակը, որը ստիպում է Հայաստանին ընդունել Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր այս նվաստացուցիչ և, ինչն ավելի կարևոր է, վնասարար պահանջները, ստեղծվել են հենց վարչապետ Փաշինյանի 7 տարվա պաշտոնավարության ընթացքում թույլ տրված կործանարար քաղաքական որոշումների հետևանքով: 2018 թվականից ի վեր, անվերջ այս աղետների հեղինակ փաշինյանական ռեժիմը փորձում է այդ աղետների ընթացքը իբր վերջապես կանգնեցրած լինելու պատրանքը ներկայացնել որպես նվաճում, որն իրենց մաքրում է մեր ազգի գլխին բերած աղետների և կորուստների մեղավորությունից»,- գրում է Զուրաբյանը։
Ըստ նրա՝ քարոզչական այն արշավը, որ վարում են ՀՀ իշխանությունները, բացահայտ ցինիզմի և խաբեության դրսևորում է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։