Իրանը չկտրել տարանցիկ ուղիներից․ հայտնի է` ինչ են քննարկել Միրզոյանն ու Արաղչին

Արարատ Միրզոյանի և Աբաս Արաղչիի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Իրանական գործակալությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների զրույցից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանով անցնող այսպես կոչված «Թրամփի ուղին» չպետք է խոչընդոտի Իրանի հասանելիությանը այլ տարանցիկ ճանապարհներին, իրանական Tasnim գործակալությունը մեջբերում է արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքերը ՀՀ արտգործնախարար Միրզոյանի հետ օգոստոսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Դիվանագետը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, միևնույն ժամանակ Թեհրանն իր անհանգստությունն է հայտնել ամերիկացիների առաջարկած տրանսպորտային նախագծի վերաբերյալ, որը վերաբերում է Հայաստանի հարավով անցնող երթուղին 99 տարով վարձակալելուն։ Արաղչին ընդգծել է, որ ընդունված որոշումները չպետք է հանգեցնեն տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փոփոխությունների և խաթարեն երկրների տարածքային ամբողջականությունը:
Արաղչին ընդգծել է, որ այս առումով ցանկացած որոշում կամ միջոցառում պետք է ընդունվի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաև համապատասխանի տարածաշրջանի պետություններում կայունության և անվտանգության պահանջներին:
Հիշեցնենք` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումից հետո Իրանի արտգործնախարարությունը ողջունեց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը` այն դիտարկելով որպես կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և միաժամանակ մտահոգություն հայտնեց ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։ Իսկ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարեց` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։
Ի տարբերություն այս արձագանքների, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշեց, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում հաշվի են առնվել Իրանի պահանջները` Սյունիքով երթուղու հետ կապված։ Սակայն հետաքրքրական է, որ նախարարի այս հայտարարությունից հետո նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեց, որ Իրանին ոչ մի կերպ ձեռնտու չէ արտատարածաշրջանային պետությունների միջամտությունը Հարավային Կովկասի անվտանգության համար։
Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան