ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին հայտնում է
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
«Վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի» հիման վրա»,– ասված է հայտարարությունում։
Վեճը ծագել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի և Հայաստանում վերջինիս բիզնես շահերի նկատմամբ սկսված բռնաճնշումների արդյունքում` պարոն Կարապետյանի կողմից Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն պաշտպանելուց հետո։ Հետևելով վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքներին՝ 2025 թվականի հունիսի 17-ին ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Կարապետյանի տանը և ձերբակալել նրան՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը մինչ օրս գտնվում է կալանքի տակ։
Նույն օրը վարչապետը հայտարարեց, որ ՀԷՑ-ը, որը Հայաստանում Կարապետյանների ընտանիքի խոշոր ակտիվներից մեկն է, կանցնի պետական կառավարման։ Այնուհետև կառավարությունն արագ քայլեր ձեռնարկեց՝ հաշված օրերի ընթացքում ընթացքում մշակելով և Ազգային ժողով ներկայացնելով ընկերության կառավարումը վերցնելու օրենքի նախագծերը, որոնք ընդունվեցին երկու շաբաթվա ընթացքում։ Այդ օրենքների հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի նկատմամբ անմիջապես վարչական վարույթ նախաձեռնեց և ընկերության կառավարիչ նշանակեց Ռոմանոս Պետրոսյանին, որը նախկինում զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։
«Կարապետյանների ընտանիքը, սեփական ներդրումների պաշտպանության նպատակով և BIT-ի (Bilateral Investment Treaty – փոխադարձ ներդումների պաշտպանության համաձայնագիր) պահանջներին համապատասխան, նախապես ծանուցել էր Հայաստանի Հանրապետությանը և առաջարկել բանակցություններ անցկացնել։ Սակայն Հայաստանի կառավարությունը, չնայած իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, դիտավորությամբ հրաժարվել էր բանակցություններից»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Կարապետյանների ընտանիքն իրենց իրավունքների պաշտպանության համար ստիպված եղավ դիմել Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինտիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժին։ 2025 թվականի հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված որևէ գործողությունից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտաժը վերահաստատեց, որ Հայաստանը պետք է անհապաղ կատարի այդ որոշումը։
Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները։ Նախնական գնահատմամբ` վնասի չափը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար և ենթակա է վերջնական գնահատման արբիրտաժային տրիբունալի կողմից։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։