Վարդան Հարությունյանը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապ չի ունեցել. «Ժողովուրդ»

Վարդան Հարությունյան. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ ենթադրաբար հենց քաղաքական հրահանգի արդյունքում են Հարությունյանին տարել երկամսյա կալանքի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը քննիչի բոլոր հարցերին պատասխանել է, որ ինքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ որևէ առնչություն չի ունեցել, ինչը պնդել է նաև դատարանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Բայց դատարանը, ենթադրաբար հենց քաղաքական հրահանգի արդյունքում, Հարությունյանին տարավ երկամսյա կալանքի:
Նշենք, որ օգոստոսի 8–ին Վարդան Հարությունյանը կալանավորվեց 2 ամսով։ Հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Ըստ նրա` նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։
«Իրավապահները գործընթաց են սկսել բոլոր նրանց մասով, ովքեր ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի, հունիսի 17-ին գնացել են նրա առանձնատուն, ապա` 18-ին դատարանի բակ: Բոլոր աչքի ընկած, հայտնի մարդիկ, ովքեր մասնակցել են նաև հանրահավաքին, իրավապահները կոնկրետ զբաղվում են նրանցով, վերաբացում են նախկին պաշտոնյաների գործերը, որոնց մասին վաղուց մոռացել էին»,–գրում է թերթը:
Նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին տարել են Երևան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան՝ այն կալանավայրը, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը:
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել: