ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով Փաշինյանը, այսպես ասած, «քարտ բլանշ» ստացավ ռեպրեսիաները սրացնելու համար։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
«Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից փորձում էր պոկել հենց այն փաստաթուղթը, որը խաղարկելու է ներքաղաքական գործընթացներում, փորձելու է դիրքավորվել որպես խաղաղության օրակարգի կրող և հակառակը՝ փորձելու է թիրախավորել բոլոր ընդդիմախոսներին՝ նրանց ներկայացնելով որպես խաղաղության հակառակորդներ»,- ասաց Սուրենյանցը։
Շեշտեց՝ որքան էլ այս բաժանումը կեղծ ու մտացածին է, բայց Փաշինյանը խաղալու է հենց դրա վրա։
Ըստ նրա՝ այս աշնանը կլինեն նոր դաշինքներ, սրացումներ և նաև նոր ձերբակալություններ։
«Հայաստանում գործ ունենք դասական լիբերալ ֆաշիզմի հետ, երբ Նիկոլ Փաշինյանն իր ներքին օրակարգը սպասարկելու և իր իշխանության արտաքին պատրոնների հանձնարարականները կատարելու նպատակով վերացնում է դիմադրության բոլոր օջախները»,- ասաց Սուրենյանցը։
Սուրենյանցը նաև իշխանության՝ տոտալ գրոհի անցնելու քաղաքականությամբ է բացատրում ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախկին նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի կալանավորումը մի գործով, որը դեռ 7 տարի առաջ էր կարճվել։ Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե Սամվել Կարապետյանի թիմի հնարավոր թեկնածուն կարող է լինել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ Վարդան Հարությունյանը սերտ հարաբերություններ է ունեցել նրանց հետ։
«Իշխանությունը տոտալ գրոհի է գնում բոլոր ուղղություններով»,- ասաց Սուրենյանցը։
Հավելեց՝ միայն միամիտ հասարակություններն են Արևմուտքը համարում բացառապես հումանիզմի և դեմոկրատիայի հոմանիշ, Արևմուտքն ունի իր շահերը։
«Նրա պրոտեկտորատը Հայաստանի իշխանության հանդեպ չի նշանակում դեմոկրատիայի խրախուսում։ Ընդհակառակը, նշանակում է ամերիկյան շահերի իրականացման ճանապարհին Հայաստանում առկա բոլոր խոչընդոտների վերացում, այդ թվում՝ ռեպրեսիաների և բռնությունների միջոցով»,- ասաց Սուրենյանցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։