ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները ներկայացրել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստանում և տարածաշրջանում։
Զրուցակիցները փոխադարձաբար պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և միջազգային օրակարգերի շուրջ։ Փաշինյանը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Փաշինյանը վաշինգտոնյան բանակցությունների արդյունքներն առաջինը ներկայացրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, այնուհետև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։