Փաշինյանն ու Էրդողանը զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահը պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ վաշինգտոնյան բանակցություններից հետո հայ–թուրքական պայմանավորվածությունների իրագործման համար նպաստավոր մթնոլորտ է ձևավորվել։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։
Փաշինյանը Թուրքիայի նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները և քննարկել հայ–թուրքական պայմանավորվածությունների ընթացքը։
«Քննարկվել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Վարչապետը նշել է, որ այդ պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբևէ նպաստավոր է»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Փաշինյանը վաշինգտոնյան բանակցությունների արդյունքներն առաջինը ներկայացրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, այնուհետև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։