Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:
Sputnik
ՀՀ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Կառավարությունից նաև նշում են, որ մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:
Հիշեցնենք նաև` այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ կվարի նրանց հետ: Նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որը պաշտոնապես հրապարակված չէ։
Սակայն ԶԼՄ-ներում արդեն մանրամասներ են հայտնվել, որ խոսքը հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» նպատակով համատեղ հռչակագրի ստորագրման, Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու փաստաթղթի, Հայաստանի հետ առանձին հուշագրի մասին է։