ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչպես նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այդ մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է կանադացի պատգամավոր, ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտը։
«Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ կիրառման նկատմամբ ընդհանուր հավատքի վրա։ Մենք շարունակում ենք վստահ լինել, որ ՀՀ իշխանությունները կգործեն այնպես, որ կերաշխավորեն այդ սկզբունքների պահպանումը»,– գրել է նա։
Ռոբերտ Օլիֆանտը նաև նշել է, որ տարածաշրջանում աճող անկայունության պայմաններում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը կարևոր է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։