Հայկական ստարտափը ստեղծել է սթրայքբոլի ռոբոտ` արհեստական բանականությամբ

Ռաֆայել Սեթյանը` «Sevan Startup Summit 2025» ինովացիոն ֆորումի ժամանակ
Ստանալով հրամաններ` ռոբոտը դրանք կարող է կատարել առանց մարդու կառավարման։ Այն կարող է օգտագործվել թե՛ որպես հավելյալ թիմակից, թե՛ որպես վարժասարք` սկսնակների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայկական ստարտափը ստեղծել է սթրայքբոլ խաղացող ռոբոտ` արհեստական բանականությամբ։ Մարդուց ստանալով հրահանգներ` ռոբոտը դրանք կատարում է ինքնուրույն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Գետին» ստարտափի տեխնիկական գծով ղեկավար Ռաֆայել Սեթյանը` «Sevan Startup Summit 2025» ինովացիոն ֆորումի ժամանակ։
Երբ թիմի ավագը հատուկ պլանշետից ռոբոտին հրաման է տալիս` հարձակվելու կամ պաշտպանվելու, արհեստական բանականությամբ պրոցեսորը որոշումներ է կայացնում` ինչպես դիրքավորվել ու նշան բռնել` կախված տեղանքից և հակառակորդների քանակից։ «Այս ռոբոտը կարելի է օգտագործել ոչ միայն բուն խաղի, այլև մարզումների համար։
Օրինակ, եթե թիմում հայտնվում են սկսնակներ, նրանք կարող են իրենց հմտությունները որոշակի մակարդակի հասցնել` ռոբոտի դեմ խաղալով»,- ասում է Ռաֆայելը։ Ռոբոտը նախագծվել և հավաքվել է Հայաստանում, նրան սպասարկող ծրագրային ապահովումը ևս մշակվել է այստեղ։ Առայժմ «Գետինը» հավաքվել է ռոբոտի մեկ պրոտոտիպ` մոտ 50 սմ հասակով։
Սերիական արտադրությունը նախատեսվում է հասցնել բազային շուկայահանման վիճակի (MVP, կամ «նվազագույն կենսունակ պրոդուկտի» աստիճանի) երկու ամսից։ Մոդելն արդեն փորձարկվել է դաշտային պայմաններում, նախատեսվում է համագործակցել նաև տեղական ռազմամարզական կազմակերպությունների հետ։
Մոդելի արժեքն ավելի ցածր է արտասահմանյան համարժեքներից` 3-4 հազար դոլար, ներառյալ ռոբոտի «ուղեղ»–համակարգիչը, էլեկտրական շարժիչը, տեսախցիկն ու սթրայքբոլի զենքը (առանց դրա ռոբոտը կարժենա մոտ 1 000 դոլար ավելի էժան)։ Մոդելը նախատեսված է ПКМ (Пулемёт Калашников) տեսակի սթրայքբոլային գնդացրի համար, սակայն կարող է հարմարեցվել նաև այլ զինատեսակների տակ։
Հայկական ստարտափը նախագիծ կսկսի ամերիկյան խոշոր համալսարանի հետ