ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքով։ Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։
«Դատարանը` դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքի փոխեց տնային կալանքի»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հուլիսի 29–ին Աղվան Արշակյանը 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։ Նա, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանն ու ևս մի քանի անձինք կալանավորվեցին հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Աղվան Արշակյանի առողջական վիճակը «Արմավիր» ՔԿՀ–ում վատացել է։ Նա կալանքից առաջ քաղցկեղի հետ կապված վիրահատություն է տարել։ Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ վերաքննիչ քրեական դատարանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել են Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները։