ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը վատթարացել է․ այս գիշեր նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից էլ՝ բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ–ի աշխատակազմից։
«Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության»,- հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
Հավելում են, որ քննարկումների արդյունքում Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։
Հավելենք, որ Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն արդեն օրեր շարունակ ահազանգում է, որ իր վստահորդի առողջական վիճակը լավ չէ և նրա կյանքը ՔԿՀ-ում վտանգված է։
Սամվելյանը կալանավորվել է հուլիսի 24-ին, տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ Հուլիսի 31-ին նրան տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե՝ քննչական գործողություններին մասնակցելու համար, որի ժամանակ նրա առողջական վիճակը վատացել էր, շտապօգնություն էին հրավիրել։ Պաշտպանն ահազանգում էր՝ Սամվելյանը վերջերս հայտնվել է ծայրահեղ ծանր առողջական վիճակում՝ տարել է սրտամկանի ինֆարկտ, ինչից հետո ամբողջովին չի ապաքինվել։ Չնայած առողջական ծանր վիճակին, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքին սպառնացող վտանգը։ Ըստ պաշտպանի՝ օգոստոսի 1-ին, ապա 4-ին իր պաշտպանյալը ենթարկվել է սրտի կորոնարոգրաֆիայի և ստենտավորման «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որից հետո տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Այնտեղ Սամվելյանի վիճակը կրկին վատացել է։