Հայտարարված գնահարցման գործընթացին մասնակցելու ցանկություն է հայտնել 70 ընկերություն. ՀԷՑ

Ներկայացված գնառաջարկների հիման վրա ձևավորվելու են ծառայությունների և ապրանքների նախահաշվային արժեքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար մասնակցության պատրաստակամություն են հայտնել շուրջ 70 ընկերություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀԷՑ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր մեկնարկել է ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո առաջին գնահարցման գործընթացը։ Հաջորդիվ նախատեսվում են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներ։
«Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն ներգրավվածություն ապահովելու հնարավորության մասին:
Գնահարցման գործընթացին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ոլորտում տնտեսվարող շուրջ 70 ընկերություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնում են, որ պատասխանատու ստորաբաժանումները կապ կհաստատեն մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընկերությունների հետ, կտրամադրեն անհրաժեշտ մանրամասներ։
Ներկայացված գնառաջարկները հիմք են դառնալու ձեռք բերվող ծառայությունների և ապրանքների նախահաշվային արժեքների ձևավորման համար:
Նշվում է, որ գնահարցման փուլի ամփոփումից հետո սահմանված կարգով կհայտարարվի 5 մրցութային գնման գործընթաց՝ տարբեր չափորոշիչներով:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։