ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«18 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,– նշել է իրավապահ կառույցը:
Քննչական կոմիտեն հիշեցրել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ահաբեկչության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածներով: 17 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։