ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի անխափան աշխատանքի հետ կապված ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրություններ արել է ու շարունակում է անել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
««ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի աշխատանքի խափանման պատճառը եղել է սարքի խափանման արդյունք։ Դա արտասահմանյան մեծ հեղինակություն ունեցող ընկերության կողմից տրամադրվող սարք է։ Հիմա հետազոտություններ են անցկացվում ու մասնագետներ են ներգրավվել հասկանալու համար` խնդիրը որն է եղել։ Հիմա պետք է հասկանալ անսարքության պատճառը, որպեսզի հնարավոր լինի ապագայում խուսափել նման իրավիճակներից»,– նշեց Նուրբեկյանը։
Նրա խոսքով` ԿԲ–ն իր վերահսկողության շրջանակում 2022 թվականից սկսած որոշակի խորհրդատվություն է տալիս «ԱրՔա»–ին և հետամուտ է լինում, որ դրանք կատարվեն։ Նուրբեկյանը վստահեցրեց, որ համակարգն իրենց խորհուրդների մեծ մասին հետևել է, մյուս մասի հետ կապված շարունակելու են աշխատանքները, որպեսզի ԿԲ–ի այդ խորհուրդները ևս կատարվեն։
«Երկու հանգամանք կա, որոնք մենք չպետք է անտեսենք։ Նախ ՀՀ–ում անկանխիկ գործարքների քանակն անհամեմատ ավելացել է, և, բնականաբար, համակարգի ծանրաբեռնվածությունը ևս աճում է։ Ամբողջ աշխարհում համակարգերը խափանվում են, նաև շատ զարգացած երկրներում, մեզ մոտ ուղղակի խնդիրն այն է եղել, որ այդ խափանումը բավականին երկար է տևել։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ խափանումները լինեն առավել կառավարելի»,– ընդգծեց ԿԲ փոխնախագահը։
«Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ «ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունեն։
Նուրբեկյանը մանրամասնեց, որ համակարգում աշխատող տվյալ սարքն իր բոլոր պարամետրերով արտաքնապես ցույց է տվել, որ աշխատում է, սակայն փաստացի որոշակի խնդիրներ են եղել կապի հետ։ Այժմ տվյալ սարքն արտադրողն է եկել Հայաստան` հասկանալու և բացատրելու խնդիրը։
Նշենք, որ «ԱրՔայի» բաժնետոմսերի 55 %–ը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, 45 %–ը ՝ առևտրային բանկերին` բացառությամբ «ՎՏԲ Հայաստանի» և իրանական «Մելլաթ բանկի»:
Հիշեցնենք նաև, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել Arca ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 Arca քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։