Արշակյանի առողջական վիճակի փորձաքննությունը ուշ է նշանակվել և դեռ չի կատարվել. պաշտպան

Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոխելու միջնորդությունը մակագրվել է նրան կալանավորած դատավոր Գնել Գասպարյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Նախաքննություն իրականացնող մարմինը չի կատարել դատարանի պահանջը «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակի հետ կապված փորձաքննության մասով։ Այս մասին հայտնում է Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նրա խոսքով` միայն պաշտպանական կողմի միջնորդությունից հետո, կալանքի վերցնելուց 25 օր անց է նշանակել փորձաքննություն, որը մինչև այժմ չի էլ իրականացվել:
«Այս ամբողջ ընթացքում վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը, ինչի մասին վկայող`ՔԿ կողմից վարվող ամբուլատոր քարտի քաղվածքը ներկայացվել է դատարանին: Հուսով եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս Գնել Գասպարյանի, վարույթ կընդունի մեր ներկայացրած միջնորդությունն ու դատական ակտի տեսքով կարտահայտի իր վերաբերմունքը նախաքննություն իրականացնող մարմնի կողմից դատարանի պահանջը չկատարելու և Աղվանին նման ծանր կացության մեջ թողնելու վերաբերյալ»,– ասել է փաստաբանը։
Վարազդատ Հարությունյանը նշել է, որ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոխելու միջնորդությունը մակագրվել է նրան կալանավորած դատավոր Գնել Գասպարյանին: Փաստաբանըհավելել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը,Գնել Գասպարյանի նախագահությամբ, Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառելով խափանման միջոց 2-ամսյա կալանքը, միաժամանակ դատական ակտով պարտավորեցրել է նախաքննություն իրականացնող մարմնին անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու համար նրա հիվանդության համատեղելիությունը կալանքի հետ:
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ–ում։ Աղվան Արշակյանը 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։ Նա, Բագրատ սրբազանն ու ևս մի քանի անձինք կալանավորվեցին հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։