«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Գոռ Մելիք-Սահակյանը արդարացվեց. փաստաբան

Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ էին սկսվել ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Գոռ Մելիք–Սահակյանը արդարացվեց։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Հռիփսիմե Պետրոսյանը։
«Դատավոր Տաթևիկ Մուրադյանը արդարացման վերդիկտ կայացրեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակցի՝ Գոռ Մելիք-Սահակյանի նկատմամբ` արձանագրելով, որ 2024 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպը չի պարունակել խուլիգանության հատկանիշներ»,– գրել է փաստաբանը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները, որոնք պահանջում էին գործող իշխանության հրաժարականը, 2024 թվականի հունիսի 10-ից փակ էին պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։