ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներն (Սերգեյ Հարությունյան, Վարազդատ Հարությունյան, Վահան Հովհաննիսյան, Ռուբեն Մելիքյան, Արսեն Բաբայան) Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենքի շրջանակում եկեղեցու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին»,– ասված է հաղորդագրությունում։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել ի պաշտպանություն եկեղեցու և եկեղեցակաների ներդրած ջանքերի համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը(«հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։
Ավելի ուշ Փաշինյանն առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր Աթոռի «ազատագրումը»: Նա առաջարկեց Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո կաթողիկոսական տեղապահ նշանակել բարեվարքությամբ աչքի ընկնող ամուսնացյալ քահանայի, իսկ կաթողիկոսական նոր ընտրությունների առաջ աշխարհաբար թարգմանել «Կանոնագիրք» հայոց»–ը։
Եկեղեցու և կաթողիկոսի դեմ գործողությունները վրդովմունք են առաջացրել ոչ միայն հայ հոգևորականների (ի պաշտպանություն արտահայտվել են Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները) և Հայաստանի քաղաքական ընդդիմության շրջանում, այլև բացասաբար են ընդունվել սփյուռքի և միջազգային կրոնական կազմակերպությունների կողմից: Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու հանդես են եկել մի շարք կրոնական կազմակերպություններ, մասնավորապես Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը (CIN), Սիրիայի օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցին: Եկեղեցու հասցեին աջակցության խոսքերի համար կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը։