ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հանցավոր խումբը բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր է գործարկել, որոնց միջոցով արտերկրի տարբեր քաղաքացիներից ավելի, քան 810 մլն դրամ է հափշտակել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոմն Ս.Խ.–ն է գործարկել այդ կեղծ կայքերը` 2021 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. դեկտեմբերի 8–ը մասնակցելով մի խումբ անձանց կողմից 2021 թ. հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը։
«Մասնավորապես, Ս.Խ.–ն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից հավաքագրված և դրանում ներգրավված առնվազն 144 անդամների, այդ թվում՝ անչափահասների հետ կիրառելով կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր` գործարկել է բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր և նախնական նույնականացումն ապահովող հարթակներ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Ս.Խ.–ն իրենց գործունեությունից տուժածներին մոլորեցրել է, ստացել նրանց վստահությունը` ուղղորդելով տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին։ Այդ կերպ նա հափշտակել է արտերկրի ավելի քան 1404 տուժողների՝ ավելի քան 810 մլն դրամի ֆինանսական միջոցները:
Ս․Խ․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի հանցավոր կազմակերպությանը մասնակցելը և հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը հոդվածներով:
ՔԿ–ից նշում են, որ Ս.Խ.–ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: