ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար հատկացված մեծ գումարն արդարացված է, քանի որ այդ համերգին միջինում 15 000 օտարերկրացիներ են մասնակցելու: Այս կարծիքին է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Փամբուխչյանի խոսքով` այս թիվը կարևոր է նրանով, որ հյուրերի առնվազն գերակշիռ մասը համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է։
Ըստ նրա` եթե միջինացնենք զբոսաշրջիկի ծախսը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ։
«Էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է: Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 մլն ԱՄՆ դոլարի հատկացումը մեր կառավարության կողմից։ Բարի գալուստ Հայաստան, Ջեյ Լո: Վստահ ենք` մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Փամբուխչյանը:
Ինչպես հայտնել ենք, համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում արդեն Հայաստանում է։
Վաղը` օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա նրա երևանյան համերգը։
Տոմսերը կարժենան 25 000-180 000 դրամ, լինելու են և՛ կանգնած հատված, և՛ «ֆան զոնա», և՛ նստած տեղեր։ Ֆան զոնայում` անմիջապես բեմի դիմաց լինելու համար երկրպագուները կվճարեն 55 000 դրամ, կանգնած հատվածում և որոշ նստատեղերում` 35 000 դրամ, իսկ մնացած նստատեղերի համար տոմսերը կարժենան 50 000 դրամ, 55 000 դրամ, 60 000 դրամ։ Բեմի աջ կողմում էլ կլինեն ամենաթանկ տոսմերը` 180 000 դրամ արժողությամբ։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 31–ի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում, ըստ որի` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը փոխարինվեցին «Ջենիֆեր Լոպես» բառերով։ Ստացվում է` Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։
Նշենք նաև` ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին հատկացրել է ավելի քան 2,3 մլրդ դրամ (կամ մոտ 6 մլն դոլար)։ Թեև կառավարությունից վստահեցնում էին, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու, սակայն Փամբուխչյանի այսօրվա գրառումն այլ բանի մասին է վկայում։