ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել Արամ Սարգսյանի մահափորձի գործով

Կոմիտեից նշում են, որ Ստեփան Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ` «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել, թե գործարար Ստեփան Սամվելյանը ինչպես է փորձել նախապատրաստել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ։ Այդ մասին այսօր հաղորդագրություն է տարածել կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսից մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։
Քննչական կոմիտեից նշում են, որ Ստեփան Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:
«Այնուհետև Ստեփան Սամվելյանը, չկարողանալով պարզել Արամ Սարգսյանի բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները և այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք: Սարգսյանի՝ գրասենյակում չլինելու պայմաններում Սամվելյանը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը։ Այնուհետև նրա մոտ գտնվող մարտական ձեռքի նռնակը ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Սամվելյանի բնակության հասցեի խուզարկության ընթացքում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Սամվելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի սպանության նախապատրաստություն և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը հոդվածներով:
Որպես խափանման միջոց, Սամվելյանի նկատմամբ կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք` պաշտպան Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ կալանավորված գործարար Ստեփան Սամվելյանի կյանքն «Արմավիր» ՔԿՀ-ում վտանգված է. Սամվելյանը տառապում է սրտի և երիկամների անբավարարությամբ, ունի 34 տոկոս ֆունկցիոնալության խանգարում, այսինքն՝ հաշմանդամություն։