Պաշտպանն ահազանգում է` Ստեփան Սամվելյանի կյանքը «Արմավիր» ՔԿՀ-ում վտանգված է

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հրատապ միջոց կիրառելու միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստման գործով կալանավորված գործարար Ստեփան Սամվելյանի կյանքն «Արմավիր» ՔԿՀ-ում վտանգված է։ Այս մասին ևս մեկ անգամ ահազանգում է Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

«Սամվելյանը տառապում է սրտի և երիկամների անբավարարությամբ, ունի 34 տոկոս ֆունկցիոնալության խանգարում, այսինքն՝ հաշմանդամություն»,- ասում է Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Սամվելյանն օրական 14 տարբեր տեսակի դեղահաբ է ընդունում, ինքնուրույն դժվար է տեղաշարժվում, պարբերաբար ունենում է հիշողության կորուստ, գիտակցության մթագնում, վերջերս ունեցել է սրտամկանի ինֆարկտ և այլն։
Փոստանջյանը դիմում է ՀՀ Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանին՝ հարց ուղղելով, թե ինչ հիմունքներով են հիվանդ մարդուն ընդունել «Արմավիր» ՔԿՀ և ինչու Սամվելյանը մինչ այս պահը հոսպիտալացված չէ։
Փոստանջյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հրատապ միջոց կիրառելու միջնորդությամբ։
Արարատ Միրզոյանի մահափորձի գործով շուտով արդյունքներ կունենանք. ՀՀ ՔԿ ղեկավար
Հավելենք, որ նախօրեին Սամվելյանին տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե՝ քննչական գործողություններին մասնակցելու համար, ինչի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապ օգնություն էր հրավիրվել։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Ստեփան Սամվելյանը նախապատրաստել է Արամ Սարգսյանի սպանությունը։ Ըստ գործի նյութերի՝ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սամվելյանը նախապատրաստում է սպանություն, դրա հիմքի վրա դատարանը գաղտնալսելու թույլտվություն է տվել, ապա նաև նրա տունը խուզարկել են և մահճակալի տակ հայտնաբերել 1 մարտական նռնակ, որով իբրև թե պատրաստվել է իրականացնել սպանություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Փոստանջյանի՝ Սամվելյանին կալանավորելու մի փորձ արվել է հուլիսի 21-ին, սակայն դատարանը մերժել է`գործընթացը ոչ իրավաչափ համարելով։ 3 օր անց՝ հուլիսի 24-ին, քննիչները կրկին դիմել են դատարան, այս անգամ միջնորդությունը բավարարվել է, և Սամվելյանին կալանավորել են։
Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։
Հավելենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ստեփան Սամվելյանին այս տարվա մարտին մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Սամվելյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հուլիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը չէր կայացել Սամվելյանի առողջական վիճակի պատճառով։