ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ունեցվածքը։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, ավելի քանի 415 միլիոն դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գլխավոր դատախազությունը պահանջում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանից բռնագանձել 2 անշարժ գույք Երևան քաղաքում, 1 իրավաբանական անձում մասնակցություն և 14 միլիոն 203 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։
Հայտնել էինք նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում Արամ Զաքարյանին առնչվող քրեական գործ է քննվում։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ իր պաշտոնավարման ժամանակ Արմավիրի պահպանության բաժանմունքի պետին հրահանգել է տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ և դրանցից ամսական մասնաբաժին տալ իրեն:
Քրեական գործով անցնում են նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանը, Վարդան Մինասյանը, որոնք պաշտոնավարել են Արամ Զաքարյանից առաջ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ Խոսրով Անդրոյանը։