ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատական և դատախազական մարմիններին հորդորում է անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ինչպես հայտնի է, հուլիսի 30–ին Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Աջապահյանի պաշտպանների բողոքները կալանք կիրառելու` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսպիսով կշարունակի մնալ կալանքի տակ։
«Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է հուլիսի 30–ին Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական ապօրինի դատական ակտը թողնվել է ուժի մեջ»,– ասված է հայտարարության մեջ։
Մայր աթոռից հայտնում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։