Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. ՄՊՀ–ն հայտարարություն է արել

ՄՊՀ–ի ուսումնասիրության համաձայն` գնի բարձրացումը պայմանավորված է եղել ծախսերի ավելացմամբ և շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։ Այս մասին հայտնել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Հայտարարությունում նշված է, որ հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։
«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին` ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսվարող սուբյեկտ»,– ասված է հայտարարությունում։
Հանձաժողովը պարզել է, որ 2025 թ.–ի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը մի քանի պատճառ ունի, մանսավորապես` պայմանավորված է հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով։ Նշվում է, որ սեզոնայնությամբ պայմանավորված` սահմանին խցանումներ են առաջանում և ավելի քիչ բեռնատարներ են կարոանում մուտք գործել Հայաստան։ Դրան գումարվում է այս սեզոնին պահանջարկի ավելացումը։
Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում. տնտեսագետները նշում են խնդիրները
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով»,–ընդգծել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին հեղուկ գազի գինը 120 դրամից դարձավ 160 դրամ։ Հուլիսի 11–ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչն էլ հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 120 դրամից հասավ 170–180, ապա 200 դրամի։ Հուլիսի 18–ին ՄՊՀ–ն հայտարարեց, որ ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները: