Չեմ կարծում, որ կառավարությունը չի կատարի միջազգային դատարանի վճիռը. Նարեկ Կարապետյան

ՀՀ կառավարության կողմից Ստոկհոլմի դատարանի վճռի չկատարումը կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը։
Sputnik
Մեկ ամսից ավելի կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հույս ունի, որ իշխանությունները կկատարեն Ստոկհոլմի դատարանի վճիռը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կապված։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջազգային դատարանի որոշումները չեն կատարում հետադիմական և տոտալիտար երկրները։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունը արձագանքել է միջազգային դատարանի վճռին՝ նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը և ընթացակարգերը։
«Չեմ կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որը կնշանակի վճիռը չկատարել։ Դա կլինի մեծ խնդիր ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության համար, ինչը կարող է վնասել երկրի վարկանիշին և առաջացնել մի շարք այլ խնդիրներ։ Ինձ թվում է՝ շրջահայաց տնտեսական քաղաքականություն վարող կառավարությունը, վաղ թե ուշ, պետք է համաձայնի արբիտրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չհայտնվի նոր մարտահրավերների առջև», – ասաց նա։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանի ներպետական դատարաններով Սամվել Կարապետյանի ընտանիքը կարող է ստիպել պետությանը ճանաչել արբիտրի որոշումը և այն դարձնել պարտադիր կատարման ենթակա, Կարապետյանը ընդգծեց, որ ցանկացած իրավաբան կարող է հաստատել՝ միջազգային դատարանների վճիռները գերակա են ներպետական դատարանների նկատմամբ։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի հնարավոր վաճառքին, Նարեկ Կարապետյանը նշեց, թե չի կարծում, որ հայաստանյան որևէ գործարար կարող է գնել ՀԷՑ-ը։
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը՝ արբիտրաժի որոշում լինելու պարագայում, կգնա նման քայլին ու կփորձի գնել այն։ Իշխանությունները չեն կարող բանակցել միջազգային ընկերությունների հետ, իսկ ներազգային ընկերություններն էլ իրավիճակը հասկանում են։ Մեծ հաշվով մենք դրական հարաբերություններ ունենք բոլոր գործարարների հետ և չեմ կարծում, որ որևէ մեկը նման քայլի կդիմի», – շարունակեց Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։