ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում դատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով 6 մարդ է մահացել, 22-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է SNN գործակալությունը։
IRIB գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը զինված հարձակման է ենթարկվել։ «Fars» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ զինված հարձակում գործած 3 անձինք ոչնչացվել են:
Մեկ այլ գործակալության՝ «Tasnim»-ի տվյալներով՝ հարձակվողները կրակ են բացել՝ մտնելով դատական վարչության շենք։ Նշվում է, որ մահացածների թվում կին և նորածին կա։ Գործակալությունը պնդում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» խմբավորումը։
«Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումն Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ակտիվացել է մոտ մեկուկես տարի առաջ։ Ամենամեծ միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի վերջին։ Իրանական ԶԼՄ-ներն այն ժամանակ հաղորդել էին, որ Սիստան և Բելուջիստան նահանգի Թեֆթան քաղաքի շրջանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկանության տասը աշխատակից է մահացել։