Միքայել սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդել են նրա խափանման միջոցը փոխելու հարցով

Սրբազանի կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը, ըստ պաշտպանների, վերացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպաններն այսօր դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել սրբազանի պաշտպանական թիմը։
Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
«Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ կալանավորումը պայմանավորված էր երկու հիմքով՝ խոչընդոտելու և հանցանք կատարելու: Չխորանալով դրանց հիմնավորվածության մեջ՝ հարկ է արձանագրել, որ նախաքննության ավարտման փաստի ուժով արդեն կարելի է պնդել, որ վարույթի ընթացքին խոչընդոտելու ռիսկը հասցված է նվազագույնի, իսկ իրատեսական դաշտում այն ի սկզբանե զրոյական էր: Այժմ նախաքննական մարմինը գտել է, որ անխոչընդոտ հավաքել է այն բոլոր հնարավոր ապացույցները, որոնց հիման վրա, քննիչի կարծիքով, մեծապես հավանական է մեղադրանքի հաստատումը: Հետևաբար, քրեական վարույթի շրջանակներում ապացույցներ հավաքելու կամ բացահայտումներ անելու գործընթացն ավարտվելով՝ ավարտվել է նաև դրանց խոչընդոտելու ռիսկի դրսևորման հնարավորությունը: Այս մասով կալանքը կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող այս հիմքը վերացել է»,– գրված է հայտարարության մեջ:
Սրբազանի խափանման միջոց կալանքը ընտրելու մյուս հիմքը, ըստ փաստաբանների, կրկին «կոչեր հնչեցնելու հնարավորությունն է»: Փաստաբաններն ընդգծել են, որ ի սկզբանե այս հիմքի համար կալանքը հանդիսացել է ոչ պիտանի միջոց, քանի որ բանտի պատերով խոսք բացառել հնարավոր չէ:
«Դրա լավագույն ապացույցը սրբազանի կողմից կալանավորված վիճակում մինչ այժմ տարաբնույթ հայտարարություններ անելն էր, որը ցույց է տալիս և ապացուցում, որ եթե իրականում նման ցանկություն լինի, ապա դրան խոչընդոտող որևէ հանգամանք առկա չէ, ուստի կալանքն այս իմաստով քրեադատավարական խնդիր չի լուծում, այլ դառնում է աննպատակ և ակամա վերածվում է ազատ խոսքի համար պատժի: Գտնում ենք, որ արդեն միայն այս վերացական հիմքով կալանքի կիրառման անհրաժեշտությունը նույնպես վերացել է»,– մանրամասնել են պաշտպանները:
Փաստաբանական խումբը կարծում է, որ սրբազանին կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը վերացել է, ուստի դատախազը կարող է վերացնել կամ փոփոխել դատարանի կողմից ընտրված կալանքը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։