ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ը պետականացնելու գործով միջազգային դատարանի վճռին։ Հայտարարություն համաձայն` Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնել է, որ Կարապետյանների ընտանիքը հաղթել է կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ–ը պետականացնելու հարցով։
«Մասնավորապես` ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»,– ասված է կառավարության հայտարարության մեջ:
Գործադիր իշխանությունը չի հստակացրել` արդյոք կատարելու է միջազգային դատարանի վճիռը։
«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,– նշված է հայտարարության մեջ:
Հավելենք, որ արբիտրաժի արտակարգ որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։