Ի՞նչ չի կարող անել ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ի դեպքում. Կարապետյանը` դատարանի վճռի մասին

Նարեկ Կարապետյան. Արխիվային լուսանկար
Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Միջազգային դատարանում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հաղթանակը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում։ Այդ մասին այսօր սոցցանցում գրառում է արել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Նարեկ Կարապետյանը մանրամասնել է, թե դատարանն իր վճռով կոնկրետ ինչ արգելքներ է սահմանել ՀՀ կառավարության համար։ Ըստ այդմ, կառավարությունը չի կարող
• բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
• փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
• հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
• որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։