Դուք եք դառնալու հնարավոր արյունահեղության միակ պատասխանատուն. Տեր–Պետրոսյանը` Փաշինյանին

ՀՀ առաջին նախագահը բոլորին կոչ է արել ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում չեղարկել Վաղարշապատում նախաձեռնած հանրահավաքի որոշումը, քանի դեռ ուշ չէ։ Այս մասին նա հրապարակում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։
«Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, և թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսևորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին»,–նշել է ՀՀ 1–ին նախագահը։
Նա բոլորին կոչ է արել ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով։
«Մի՛ մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու և վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,–գրել է Տեր–Պետրոսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից», իսկ այսօր` հուլիսի 23–ին, Գարեգին Բ-ին հեռացնելու և իր խոսքերով՝ «վեհարանն ազատագրելու» ծրագիր է ներկայացրել։