ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հնչեցնելու փաստով։ Այս մասին տեղեկացնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա ներկայացրած հաղորդման հիման վրա նման որոշում է կայացրել Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը։
«Արսեն Արշակյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել էր` «ըստ Մետաքսյա Հակոբյանի (Արցախի ԱԺ պատգամավոր–խմբ.)՝ արցախցիների կեսը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից, Աստված տա՝ նենց լինի, որ էլ հետ չգան»։
«Նախաքննական մարմինը մերժել էր վարույթ նախաձեռնել, դատախազը՝ նույնպես, իսկ հիմա դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երիցյանը։
Նրա խոսքով՝ օրեր առաջ նույնանման որոշում է կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով։
Ավելի վաղ կրկին և՛ նախաքննական մարմինը, և՛ դատախազը մերժել էին վարույթ նախաձեռնել, Առաջին ատյանի դատարանը ևս մերժման որոշում էր կայացրել։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ նմանատիպ բազմաթիվ գործեր կան, որոնցով ինքը հետևողականորեն զբաղվում է՝ թույլ չտալով, որ արցախցիներին ուղղված ատելության խոսքը կամ սպառնալիքներն անպատիժ մնան։
Նա նշեց, որ դատարան է դիմել նաև Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հայտարարություններից մեկի վերաբերյալ. ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Խաչատրյանը հայտարարել էր, որ հպարտանում է իր թիմի տղամարդկանցով։
«Նա հրապարակայնորեն բռնություն է արդարացրել»,- նշեց Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս դեպքում ևս նախաքննական մարմինը մերժել է վարույթ նախաձեռնել, ինքը դիմել է դատարան, ներկայացրած բողոքը դատարանը բավարարել է՝ պարտավորեցնելով վարույթ նախաձեռնել (թեև դատարանի որոշումն ինքը դեռ չի ստացել)։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։