Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր զրպարտությունների համար. Հովհաննես Խուդոյան

Բագրատ սրբազանը դատի է տվել իշխանության մի շարք ներկայացուցիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր վիրավորանքների ու զրպարտիչ արտահայտությունների համար: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։
Նա նշել է, որ Բագրատ Սրբազանի ու «Սրբազան պայքարի» այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել է տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով:
«Այդ արշավը ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն»,– գրել է նա։
Փաստաբանը հիշեցրել է, որ խոստացել էին անպատասխան չթողնել այդ վարքագիծը և հարյուրից ավելի հնարավոր պատասխանողներից պատահականության սկզբունքով ընտրվել են մի քանիսը:
«Մի քանի օր առաջ ներկայացվել են հայցեր ՀՀ առողջապահության նախարար Ավանեսյանի, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ու նրա շրջապատից Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի, քպ-ական քարոզիչ–փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ»,– ընդգծել է Խուդոյանը:
Բագրատ սրբազանը դատի է տվել վերոնշյալ անձանց` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։