ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ոչ միայն ՀՀ վարչապետի կարգավիճակի կոպիտ խախտում է, այլ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքների հատկանիշներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ընդ որում, այդ արարքները կատարվում են պաշտոնական կարգավիճակի լիազորությունները կամ իշխանության ազդեցությունն օգտագործելով, հրապարակային եղանակներով, ինչպես նաև իշխանության պաշտոն զբաղեցնող անձանց խմբի կողմից»,– գրել է Թաթոյանը։
Թոթոյանը նկատել է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է գրել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ընդդեմ Հայոց եկեղեցու։ Ըստ նրա` նամակում օգտագործվել է Հայոց եկեղեցու դեմ ՀՀ վարչապետի նախաձեռնած ու նրա կողմից ղեկավարվող արշավի ուղերձները՝ վիճարկելով Հայոց եկեղեցու հեղինակությունը և վարկաբեկելով հոգևորականներին նույն բառապաշարով, ինչ անում է ՀՀ վարչապետը:
«Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության՝ Հայոց եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության արշավը բխում է հենց իրենց շահերից. Հայոց եկեղեցին պետք է չեզոքացնել, որպեսզի Հայաստանում «արևմտյան ադրբեջանցիների» բնակեցումը հեշտ լինի։ Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական իշխանությունն այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների»` Հայաստանում բնակեցման, իսկ իրականում հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիրը դարձրել է միջազգային օրակարգի հարց՝ անգամ պաշտոնական նամակով հարցը ՄԱԿ-ում առաջ տանելով»,– գրել է Թաթոյանը։
ՀՀ նախկին ՄԻՊ–ը նշել է, որ եկեղեցու թեմ իշխանության արշավըթուլացնում է Հայաստանի պետականության հիմքերը՝ վիրավորանքների և անհանդուրժողականության հովանավորչությամբ մեծ վնաս հասցնելով երկրի միջազգային հեղինակությանը, ինչես նաև պառակտում է ՀՀ–ն ու սփյուռքը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։