ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20 — Sputnik. Սաուդյան Արաբիայում 36 տարեկան հասակում մահացել է արքայազն Ալ-Վալիդ բին Խալեդ բին Թալալը, որը հայտնի էր որպես «քնած արքայազն»։ Նա գտնվում էր կոմայի մեջ 20 տարի։ Նրա մահվան մասին X սոցիալական ցանցում տեղեկացրել է հայրը՝ Խալեդ իբն Թալալը, գրում է The Siasat Daily-ը։
«Ալլահի կամքի և որոշման հանդեպ հավատով, խոր վշտով և ցավով սգում ենք մեր սիրելի որդու՝ արքայազն Ալ-Վալիդ բին Խալեդ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի մահը։ Թող Ալլահը ողորմի նրան», - ասվում է Աբդուլազիզի գրառման մեջ։
Սաուդյան Արաբիայի «քնած արքայազնը»՝ Ալվալիդը, և նրա հայրը՝ Խալիդ իբն Թալալը. Արխիվային լուսանկար
© Photo : Social media of Khalid ibn Talal
2005-ին Ալ-Վալիդը սովորում էր Լոնդոնի ռազմական քոլեջում։ Նա 16 տարեկան էր, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ ճանապարհատրանսպորտային պատահարը։ Վթարի հետևանքով արքայազնը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և ուղեղի արյունազեղում՝ ընկնելով կոմայի մեջ։
Նրան տեղափոխել էին Էր Ռիադ, որտեղ հրավիրվել էին նաև արտասահմանյան բժիշկներ, սակայն բոլորի կանխատեսումները նույնն էին՝ ապաքինումն անհնար է։ «Արքայազնը գտնվում էր վեգետատիվ վիճակում, միացված էր արհեստական շնչառության սարքերին և սնվում էր զոնդի միջոցով։ Նրա հայրը հրաժարվել էր անջատել որդուն կենսական սարքավորումներից»,- գրում են ԶԼՄ-ները։
Հայտնի է, որ հայրը ամեն օր այցելում էր որդուն հիվանդանոցում։ 2019 թվականին հաղորդվել էր, որ «քնած արքայազնը» շարժել է ձեռքը։