ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ահաբեկչության նախապատրասության մեղադրանքով կալանավորված 18–ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին ֆեյսբուքում տեսաուղերձով հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանի խոսքով` տղայի ծնողները երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել են որդուն ու ահազանգել իրեն։
««Սթրայքբոլի գործով» կալանավորված տղան լուրջ առողջական խնդիր ունի, որի պատճառով նաև տարկետում է ստացել բանակից։ Հիվանդությունը սրտի հետ է կապված, բոլորս գիտենք, որ նման հիվանդությունները հատուկ ուշադրության են արժանի ու չի կարելի աչքաթող անել։ Քիչ առաջ դիմում ներկայացրեցի թե՛ քրեակատարողականի պետին, թե դատապարտյալների առողջությամբ զբաղվող առանձին ՊՈԱԿ–ին»,– ասում է փաստաբանը։
Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ 3 ժամից ավելի փաստաբաններին թույլ չէին տալիս մուտք գործել շենք ու հանդիպել վստահորդների հետ, անգամ ՄԻՊ–ի միջամտությունից հետո իրավիճակը չփոխվեց։ Ժամեր անց փաստաբանները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ հեռանալու որոշում են կայացրել, քանի որ այն, ինչ կատարվում է, իրավական գործընթաց չէ։
Ձերբակալվածներից մեկը 18–ամյա Անդրանիկ Չամիչյանն էր, որը հուլիսի 11–ին 2 ամսով կալանավորվեց։