Շվեդիայի հայ համայնքն անթույլատրելի է համարում Սամվել Կարապետյանի հետապնդումը

Սամվել Կարապետյան. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ Սամվել Կարապետյանի ներդրումը մարդասիրական և ենթակառուցվածքային նախագծերին, դժվարին ժամանակներում ցուցաբերված օգնությունը արժանի են հարգանքի, այլ ոչ թե քրեական հետապնդման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետապնդումն անթույլատրելի է և վնասում է հայ ժողովրդի միասնությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Շվեդիայի Հայ ազգային միության փոխնախագահ Անահիտ Ասատրյանը։
«Անթույլատրելի է Սամվել Կարապետյանի հետապնդումը, նա հսկայական ներդրում է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում։ Նրա աջակցությունը մարդասիրական և ենթակառուցվածքային նախագծերին, դժվարին ժամանակներում ցուցաբերված օգնությունը և հայկական ազգային արժեքներին անսասան նվիրվածությունը արժանի են հարգանքի, այլ ոչ թե քրեական հետապնդման», – գրել է Ասատրյանը՝ ի պատասխան գործակալության հարցման։
Նրա խոսքով` իշխանությունների նման գործողությունները խաթարում են վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։