ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պահանջում է կարգապահական վարույթ հարուցել դատավորներ Արմեն Դանիելյանի և Արտակ Կարապետյանի դեմ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նշյալ դատավորներն իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման»,–նշել է Վարդևանյանը
Նա շեշտել է, որ «Տաշիր» խմբի ընկերություների նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է գլխավոր դատախազի հաղորդման և դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ, իսկ կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով։
Վարդևանյանը վստահ է, որ այս ամենը կատարվում էր նաև ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։